Իրանը բոլոր ժամանակների լավագույն ռազմաստրատեգիա ունեցող, մշակող պետությունն է։
Մեզանից շատերն ակնկալում էին, որ Իրանը հաշված ժամերի ընթացքում պետք է վրեժ լուծի Իսրայելից, մինչդեռ․․․
Մինչդեռ Իրանը նախընտրեց հյուծել, այդ կերպ թուլացնել իր հակառակորդին։ Իսկ ինչպե՞ս է դա անում։ Շատ պարզ, հոգեբանական տեռորի է ենթարկում Իսրայելին։ Արդեն տևական ժամանակ է, ինչ Իսրայելի օդը ցամաքից և օդից պաշտպանող միջոցները մարտական վիճակում են։ Ըստ որոշ վերլուծությունների՝ Իսրայելը ամեն ժամի համար հիմա ծախսում է ավելի քան 70 000 ԱՄՆ դոլար։ Ամեն ժամ, իսկ սա ոչ 24 ժամ է, ոչ էլ՝ 48. այն պահից սկսած, ինչ Իրանում սպանեց ՀԱՄԱՍ-ի կարկառուն դեմքին, Իսրայելն անցավ իր օդային տարածքը պաշտպանելու մարտական վիճակին։ Իսկ երբ Իրանից ազդակներ գնացին, որ կարող են հարվածել, այլևս ավելի խստացված ռեժիմով անցան պաշտպանական հերթապահության։
Վերը նշված թիվը Իսրայելի և նրա դաշնակից պետությունների համար փոքր թիվ չի, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեկ այլ տեղում՝ ՌԴ-Ուկրաինա հակամարտության մեջ ևս հսկայական միջոցներ են ծախսում։
Այս օրերին հաճախ տրվող հարցը, թե վերջապես Իրանը կհարվածի՞, ու ամենագլխավորը՝ ե՞րբ։ Իրանը այն արկածախնդիր պետություններից չէ, որ մեծամտություն ցուցաբերի, որ հաշվի չառնի իր հակառակորդների հնարավորությունները թե՛ ռազմի դաշտում, թե՛ տնտեսական դաշտում։ Իրանը մինչև վստահ չլինի, որ ինքը հաղթող է դուրս գալու՝ չի հարվածի։ Իսկ հիմա կատարում է այնպիսի գործողություններ, որոնք, առանց Իրանի կողմից հսկայական միջոցներ ծախսելու, պարտադրում են, որ հակառակորդը ծախսի միլիարդավոր դոլարներ, ինչն էլ, բնականաբար, տանելու է թուլացման։ Իրանը կհարվածի, իսկ երբ, դա արդեն պարզ կլինի այն ժամանակ, երբ իրենց հետախուզական, վերլուծական տվյալներով Իսրայելը ծախսած լինի հսկայական միջոցներ, ինչն էլ իր հերթին կթուլացնի առաջին հարվածը դիմակայելու հնարավորությունը։ Իսկ առաջին հարվածը որոշիչ է լինում։
Կարեն Հովհաննիսյան